Մկնդեղը հոտ և համ չունեցող քիմիական նյութ է: Մեծ քանակությամբ օրգանիզմում հայտնվելու դեպքում այն հանգեցնում է մաշկի գույնի փոփոխության, ստամոքսի ցավի, մասնակի կաթվածի և մի շարք այլ լուրջ առողջական խնդիրների:Ջրից մկնդեղը հեռացնելու հատուկ տեխնոլոգիա գոյություն ունի: Այն լայնորեն կիրառվում է զարգացած արդյունաբերական ոլորտներում, սակայն թանկ արժե և հարմար չէ զարգացող տարածաշրջանների եւ գյուղական միջավայրի համար:Գիտնականները ենթադրել են, որ ծխախոտի մոխիրը կարող է հարմար լինել, և որոշել են փորձել:Գիտնականները կիրառել են ալյումինի օքսիդով պատված ծխախոտի մոխիր: Ըստ «Meddaily»-ի, աղտոտված գրունտային ջրերով նյութի փորձարկման արդյունքում պարզվել է, որ այն հեռացրել է մկնդեղի 96 տոկոսը: Ջրում վնասակար նյութի պարունակության մակարդակն Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ցուցանիշից ցածր է եղել: «Բոլոր երկրներում հեշտ է ծխախոտի մոխիր գտնել ու հավաքել: Ջրի մաքրման համար դրա կիրառումը լուրջ խնդրի դյուրին ու էժան լուծում կդառնա»,- նշում է հետազոտող Ցզյասին Լին: