ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Հինգ պատճառ՝ հենց հիմա մանդարին ուտելու համար

 

Մանդարինը ոչ միայն համեղ, այլ նաև օգտակար միրգ է:  Ձեր ուշադրությանն ենք  ներկայացնում 5 պատճառ է հենց հիմա գոնե մեկ մանդարին ուտելու համար:

1. Մանդարինը՝ վիտամինների աղբյուր 

Մանդարինը հատկապես աշնանն ու ձմռանն է օգտակար, քանի որ А, ռախիտի կանխարգելման տեսանկյունից չափազանց օգտակար D, արյունատար անոթների ճկունությունն ապահովող К, քունը կարգավորող, հիշողությունը և նյութափոխանակությունը բարեկարգող B4 և օրգանիզմի դիմադրողականությունը խթանող С վիտամինների հարուստ աղբյուր է հանդիսանում և կարող է իմունիտետի կայունացմանը հանգեցնել: Բացի այդ, մանդարինը նաև տիամինով, ռիբոֆլավինով, ասկորբինաթթվով և ռուտինով է հարուստ: 

2. Մանդարինն օգտակար միներալներ է պարունակում

Մանդարինը աչքի է ընկնում օրգանիզմին անհրաժեշտ գրեթե բոլոր միներալների՝ կալիումի, մագնիումի, երկաթի, ֆոսֆորի, նատրիումի և կալցիումի հարուստ պաշարներով:

3. Մանդարինը չի գիրացնում

Մանդարինը դիետիկ միրգ է: 100 գրամի մեջ այն ընդամենը 53 կկալ-ի չափով էներգետիկական արժեք և 85-87 գրամ ջուր է պարունակում: 

4. Մանդարինն օգտակար է մարսողության համար

Մանդարինն ախորժակը բարելավելու և նյութափոխանակությունը արագացնելու հատկություն ունի և օգտակար է մարսողության համար: Բացի այդ, մանդարինի ֆիտոնցիդային հատկությունները հակամիկրոբային ազդեցություն են ապահովում և կարող են մի շարք պաթոգեն սնկերի դեմ պայքարի միջոց ծառայել: Համարվում է, որ մանդարինը  նաև շաքարախտի և օնկոլոգիական հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու հատկություն ունի: 

5. Մանդարինը մի շարք այլ օգտակար հատկություններով է օժտված

Շնորհիվ որոշ բաղադրիչների, մանդարինը նաև արյունականգ ու ջերմիջեցնող հատկություններով է աչքի ընկնում և կարող է նյարդային համակարգի լարվածության նվազեցման միջոց ծառայել:

Զգուշացում

Մանդարինը կարող է ստամոքսի և աղիքների լորձաթաղանթի գրգռման պատճառ դառնալ, ուստի և հակացուցված է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցով, գաստրիտով, աղիքների բորբոքային հիվանդություններով, հեպատիտով, էնտերիտներով և մի շարք այլ հիվանդություններով տառապող մարդկանց: Մանդարինի սպառման ծավալները սահմանափակելու կարիք նաև ալերգիաների նկատմամբ խոցելիությամբ աչքի ընկնող մարդիկ ունեն: