Ձուկն ու բուսական յուղը կօգնեն պահպանել տեսողությունը
Բրիտանացի ակնաբույժ Դևիդ Էլեմբին կարծում է, որ առաջիկա տասնամյակի ընթացքում կարճատեսություն և տեսողական այլ խնդիրներ ունեցող մարդկանց թիվը 50%-ով կավելանա: Պատճառը համակարգչի և բջջային սարքերի էկրանների առջև չափազանց երկար ժամանակ անցկացնելն է: Նայելով սարքերի էկրանին՝ մարդն իր կամքից անկախ ավելի քիչ է թարթում, և աչքը բավականաչափ խոնավություն չի ստանում: Դրա հետևանքով տհաճ զգացողություններ և տեսողության հետ կապված խնդիրներ են առաջանում: Էկրանների բացասական ազդեցությունը չեզոքացնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել սննդակարգում օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուների հավասարակշռությանը: Ժամանակակից մարդկանց մեծ մասի սննդակարգում գերակշռում են օմեգա-6 թթուները, որոնք գոյություն ունեն մսի և տապակած մթերքի մեջ: Օմեգա-3 ճարպաթթուներ կան բուսական յուղերում, ինչպես նաև յուղոտ տեսակի ձկնեղենում: Եթե ձեր աշխատանքը կապված է համակարգչի հետ, ապա այս մթերքները պետք է մեծ տեղ ունենան ձեր սննդակարգում, ցանկալի է՝ ամեն օր: