ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական հավաքածուն

 

 

Աշխարհի ամենամեծ գրադարանը ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն է: Ըստ loc.gov կայքի` գրադարանի 142 մլն միավոր ունեցող հավաքածուն ներառում է ավելի քան 32 մլն գրքեր եւ այլ տպագիր նյութեր 470 լեզուներով, ավելի քան 62 մլն ձեռագրեր, իրավական նյութերի աշխարհի ամենամեծ հավաքածուն, ֆիլմեր, քարտեզներ, ձայնագրություններ: Գրադարանն ունի 3 հազար 637 աշխատակից: Այն ընդգրկում է ԱՄՆ Կոնգրեսի շենքի 3 մասնաշենք:

 

 

Կոնգրեսի գրադարանում Հայաստանը ներկայացված է իր անտիկ և միջնադարյան եզակի հարուստ մշակույթով, այլ նյութերով:

1815 թ. Կոնգրեսի գրադարանը ձեռք է բերել Թոմաս Ջեֆերսոնի անձնական գրադարանը, որի մի մասն էին կազմում հունական և լատինական դասական աղբյուրները, որոնցում ներկայացված էր նաև անտիկ դասական գրականության մեջ նկատելի և ուրույն տեղ զբաղեցնող Հայաստանը: Ներկայումս Կոնգրեսի գրադարանում արդեն կա ավելի քան 26 000 հայալեզու կամ Հայաստանին նվիրված, նրա մասին պատմող գրավոր վկայություն: Դրանք ներկայացնած են Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի գրականության բաժնի Մերձավոր Արեևելքի մասնաճյուղում: Այն պահվում է Ջեֆերսոնի անվան շենքում:

Կոնգրեսի գրադարանում Վարդանանց օրվա կապակցությամբ տեղի են ունենում հայագիտական ամենամյա դասախոսություններ և ընթերցումներ, իսկ յուրաքանչյուր եռամսյակը մեկ կազմակերպվում են սեմինարներ, որոնք նախատեսվում են Հայկական լեռնաշխարհի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականների համար: Գրադարանի մի քանի ենթաբաժնում մեծ խնամքով պահվում են հազվագյուտ ձեռագրեր, քարտեզներ, իրավաբանական, երաժշտական ու դիտակտիկ փաստաթղթեր: Օրինակ, այստեղ են պահվում այն քարտեզների բնօրինակները, որոնց վրա նախագահ Վուդրո Վիլսոնի հանձնաժողովը գծեց Հայաստանի սահմանները առաջին համաշխարհային պատերազմից հետո առաջարկված մանդատի ներքո:

Գրադարանի լուսանկարների բաժնում պահվում են 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ նկարահանված լուսանկարներ, որոնք գրադարան են հանձնվել 1922թ.: Այստեղ են պահպանվում նաև 1930թ. WPA գրի առնված հայկական երգերը` Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունից փրկված և հետագայում Կալիֆոռնիա գաղթած հայերի կատարմամբ: Այս երգերն ու դրանց ուղեկցող լուսանկարները անգին նյութ են ազգագրագետների, երաժշտագետների, պատմագետների և ամբողջ հայության համար:

Գրադարանի հայկական հավաքածուն արժեքավոր ժառանգություն է ստացել 1991թ. Ամպար Դադիանից, ով չափազանց մեծ հետաքրքրություն է ունեցել գրադարանի հայագիտական ծրագրերի հանդեպ, 1995թ. հավաքածուն նոր համալրում ստացավ, այս անգամ` տիկին Դադիանից: Իհարկե, միայն Դադիանները չեն, որ նվիրատվություն են անում հայկական հավաքածուին:

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի ARMENIACA հավաքածուն ներկայումս շարունակում է ընդլայնվել արժեքավոր նյութերի նոր նվիրատվությունների, գնումների և ձեռքբերումների միջոցով: Վերջերս որոշվել է Կոնգրեսի գրադարանում ստեղծել նաև Թուրքիայում ազգայնականի ձեռքով նահատակված լրագրող, հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի արխիվ:

Լավ է, որ աշխարհի ամենամեծ գրադարանում հայերս ունենք մեր հավաքածուն: