ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

ՊՈՂՊԱՏԵ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ

 

Մարտի 31-ին` իր ծննդյան 120-րդ տարեդարձի օրը, համայն Եվրոպայի մշակութային մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է քաղաքի ամենահռչակավոր խորհրդանիշ Էյֆելյան աշտարակի տոնակատարությունը, որը տևելու է ամբողջ տարինԻր 120-ամյա պատմության ընթացքում Էյֆելյան աշտարակ է այցելել մոտ 250 միլիոն մարդ. սա գերազանցում է աշխարհի ցանկացած այլ տեսարժան վայրի այցելուների թիվը

Էյֆելյան աշտարակը, սակայն, ոչ միայն Փարիզի խորհրդանիշն է. այն նաև 19-րդ դարավերջի գիտական և տեխնիկական մտքի փայլուն համադրության խորհրդանիշն է, ժամանակի գիտատեխնիկական նորամուծությունների կենսական արտահայտությունը: Եվ քանի որ Էյֆելյան աշտարակը 1889թ. Փարիզում անցկացվող 12-րդ համաշխարհային արդյունաբերական ցուցահանդեսի մուտքն էր, նաև գիտական աշխարհի նորամուծությունների և, ժամանակակից լեզվով ասած, ձեռներեցների համագործակցության լավագույն դրսևորումն էր :

 

towerԱմեն ինչ իհարկե սկսվեց այն բանից հետո, երբ որոշվեց համաշխարհային արդյունաբերական 12-րդ ցուցահանդեսն անցկացնել Փարիզում 1889թ.: Ֆրանսիայի մայրաքաղաքն արդեն չորրորդ անգամ էր արժանանում ժամանակի գիտության և տեխնիկայի նվաճումները ներկայացնելու պատվին, և դա շոյում էր ֆրանսիացիների ինքնասիրությունը: Ու ոչ ոք չէր կասկածում, որ Փարիզն ինքն էլ աշխարհին պիտի ներկայացնի ինչ-որ ցնցող մի բան, այնպիսի կառույց, որը կզարմացներ ժամանակակիցներին: Մանավանդ որ ցուցահանդեսի անցկացման տարին համընկնում էր ֆրանսիական մեծ հեղափոխության 100-ամյակին…

Որպեսզի Ֆրանսիան պատվով ներկայանա ցուցահանդեսում, հայտարարվեց  լավագույն նախագծի մրցույթ, որի նպատակն էր ցուցադրել ճարտարագիտական մտքի հաջողությունները, որոնք կկիրառվեին ապագայում: Ավելի ուշ խնդիրը ձևակերպվեց այսպես. ստեղծել մի գործ, որը կխորհրդանշի 19-րդ դարի տեխնիկական նվաճումները:

Նախագծային և ճարտարագիտական աշխատանքների մրցույթը բացվեց 1886թ. մայիսի 1-ին: Ներկայացվել էր 107 աշխատանք: Դրանց թվում էր նաև ճարտարագետ ու նախագծող  Գյուստավ Էյֆելի` 300 մետր բարձրությամբ աշտարակի նախագիծը: Կային և աշտարակի այլ նախագծեր, որոնք այս կամ այն չափով կրկնում էին Էյֆելի նախագիծը, բայց պողպատե աշտարակի նախագիծը չորս նախագծերից մեկն էր, որոնք հաղթող ճանաչվեցին մրցույթում:

Այնպիսի բարդ նախագիծ, ինչպիսին Էյֆելի նախագիծն էր, հնարավոր չէր կառուցել երկու տարում, և նախագծի հեղինակը անհրաժեշտ փոփոխություններ կատարեց` նախատեսելով այն իրականացնելիս կիրառել հաոտւկ մեթոդներ: Հենց այդ փոփոխությունների շնորհիվ որոշվեց համաշխարհային արդյունաբերական ցուցահանդեսին մասնակցել պողպատե բարձրաբերձ աշտարակով: Արժանանալով առաջին մրցանակին` Էյֆելը բացականչեց. ՙ«Ֆրանսիան կլինի միակ երկիրը, որը կունենա 300 մետրանոց դրոշասյուն…»:

Որպեսզի աշտարակը հնարավորինս համապատասխաներ փարիզյան պահանջկոտ հասարակության ճաշակին, ճարտարապետ Ստեֆան Սովեստրին հանձնարարվեց լավացնել նրա գեղարվեստական տեսքը: Վերջինս առաջարկեց աշտարակի հենարանները կառուցել քարով,  առաջին հարկի հարթակը միացնել մեծաշուք կամարով, աշտարակի երեք հարկում տեղավորել ընդարձակ ապակեպատ դահլիճներ, աշտարակի վերին մասը դարձնել շրջանաձև, և այն զարդարելու համար օգտագործել բազմաձև դեկորատիվ տարրեր: Աշտարակի կամարը միաժամանակ պետք է լիներ ցուցահանդեսի գլխավոր մուտքը:

1887թ. հունվարին Էյֆելը, պետության և Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչները ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն 25 տարով անձամբ Էյֆելին էր տրվում կառուցվելիք աշտարակի շահագործման վարձակալության իրավունքը, ինչպեսև նախատեսվում էր 1,5 միլիոն ոսկե ֆրանկ հատկացնել կառույցի շինարարությանը, որը անհրաժեշտ գումարի քառորդ մասն էր: 1888թ. դեկտեմբերի 31-ին, որպեսզի աշտարակի շինարարության համար միջոցները բավարարեն, հիմնվում է բաժնետիրական ընկերություն` 5 մլն ֆրանկ հիմնադիր դրամագլխով: Գումարի կեսը երեք բանկերի տրամադրած միջոցներն էին, մյուս կեսը` Էյֆելի անձնական միջոցները: Շինարարության ընդհանուր գումարը կազմում էր 7,8 մլն ֆրանկ:   

Երբ սկսում էին Էյֆելյան աշտարակի շինարարությունը, աշխարհի ամենաբարձր շինություններն էին Քեոբսի բուրգը, Քյոլնի և Ուլմի տաճարները, իսկ Էյֆելն առաջարկում էր կառուցել մի շինություն, որը համարյա կրկնակի բարձր էր դրանցից: Որ հնարավոր է կառուցել այդպիսի շինություն` ոչ ոք չէր կասկածում, բայց շատերը կարծում էին, որ նման շինությունը դժվար թե զարդարեր Փարիզը` համաշխարհային քաղաքաշինության այդ մարգարիտը:

Լինելով ժամանակի ամենաբարդ կառույցներից մեկը` նոր աշտարակի կառուցումը պահանջում էր, նախքան շինարարությունն սկսելը, լուծել բազմաթիվ խնդիրներ` կիրառելով ժամանակակից գիտության նվաճումները, ինչպես, օրինակ` կառույցի հիմքի գրունտի շերտերի և հատկությունների մանրանասն ուսումնասիրումը խտացված օդի և կեսոնների միջոցով, 800 տոննա զանգվածով ամբարձիկների տեղադրումը` աշտարակի կարգավորման նպատակով, հատուկ մոնտաժային կռունկների օգտագործումը բարձրության մեջ աշխատելու համար և այլն: Էյֆելի օգտագործած գրեթե բոլոր նորարարություններն ու մեխանիկական կառուցվածքները տեխնիկայի զարգացման լուրջ քայլեր էին:

Աշտարակի երեք հարկից յուրաքանչյուրը առանձին լուծում էր պահանջում: Մեկը մյուսի վրա դրվող երեք հատած բուրգեր: Ըստ էության, դրանք չորս ոտք էին, որոնք միմյանց միանում էին ոչ թե անկյունագծով, այլ ագուցվում էին տարբեր մակարդակներում և միայն քառակուսի կազմող հեծանների գոտիներուվ: Եվ եթե այդ ոտքերը հիմքում ձևավորում էին քառակուսի, որի կողմը 123,4 մետր էր, ապա գագաթին կառույցի տրամագիծը ընդամենը 16 մետր էր: Նման կառույցի իրականացումը տեխնիկական դժվարագույն խնդիր էր:

Կառուցվելիք աշտարակի առաջին հարկի բարձրությունը 58 մետր էր, և այն հնարավոր էր հավաքել կռունկների ու կարապիկների միջոցով, բայց անհասկանալի էր, թե ինչպես պետք է հավաքվեր երկրորդ հարկը, որի վերին հարթակը լինելու էր 116 մետր բարձրության վրա: Ահա, դրա համար Էյֆելը ստեղծեց բարձրությունում աշխատելու համար հատուկ կռունկներ: Չորս կռունկ, որոնցից յուրաքանչյուրը` 12 տոննա զանգվածով և 2 տոննա բեռնատարողությամբ, աշխատանքային հարթակներում տեղակայվեցին ռելսերով, և հատուկ սարքը դրանք բարձրացնում էր վեր: Երրորդ` 180-մետրանոց հսկա բուրգն արդեն հավաքեցին բանվորները, որոնք աշխատում էին կախալաստակի մեջ:

Էյֆելի բոլոր հաշվարկներն այնքան ճշգրիտ էին, որ աշտարակը հավաքելու ընթացքում որևէ փոփոխության կարիք չեղավ: Լևալուա-Պերրեի նրա գործարանում պատրաստվեց տարբեր չափսի 12 հազար սյուն, և հավաքման ընթացքում դրանցից էլ թեկուզ մեկը փոփոխելու կարիք չեղավ: Աշխատանքի անվտանգությունն էլ այնքան մանրամասն էր մշակված, որ շինարարության ամբողջ ընթացքում ոչ մի դժբախտ դեպք տեղի չունեցավ:

Բացի մոնտաժման խնդրից` Էյֆելին անհրաժեշտ էր լուծել մի շարք` չափազանց բարդ տեխնիկական խնդիրներ: Նախ պետք էր հաշվարկել աշտարակի կայունությունը քամու ուժգնության ժամանակ. խնդիր, որ այդ ժամանակ, դժբախտաբար, արդիական էր դարձել հատկապես աշխարհի ամենաերկար` 85 թռիչքանի Թայ Բրիջի կամրջի աղետալի փլուզումից հետո, երբ 1879թ. ուժգին քամու հետևանքով տապալվեց կամուրջը` այդ պահին կամրջով անցնող մարդատար գնացքով հանդերձ: Էյֆելն այդ խնդիրը լուծեց` իր բուրգի եզրասյուներին տալով այնպիսի կորություն, որը բացառում էր քամու ժամանակ աշտարակի նույնիսկ նվազագույն ճոճումը: Արդյունքում` նույնիսկ ամենասաստիկ փոթորկի ժամանակ աշտարակի գագաթի շեղումը չի գերազանցում 16 սանտիմետրը:

Աշտարակի կառուցումն սկսվեց 1887թ. հունվարի 28-ին: Երկու տարում մոնտաժվեց 7 միլիոն 300 հազար տոննա ընդհանուր զանգվածով մետաղյա դետալ, որից 450 տոննան միայն գամերն էին: Օգտագործվեց 12 000 սյուն, որոնցից յուրաքանչյուրի զանգվածը առավելագույնը 3 տոննա էր,  և 2,5 մլն գամ: Նման աշտարակի կառուցումն աննախադեպ էր, և հերոսություն էր, որ այն իրականացվեց ընդամենը 8 ամսում: Աշտարակը լուսավորվելու համար տեղադրվեց 10 հազար գազային լապտեր, իսկ փարոսի գագաթին` երկու լուսարձակ, որոնք արձակում էին Ֆրանսիայի ազգային դրոշի գույների` կապույտ, սպիտակ և կարմիր լույս:

1889թ. մարտի 31-ին ամեն ինչ ավարտված էր: Համաշխարհային ցուցահանդեսի 25 միլիոն այցելուների համար Էյֆելի կառուցած աշտարակն ամենատեսարժան ցուցանմուշն էր: Այդ կառույցի մեջ արտացոլված էր այն ամենը, ինչ ամբողջ մեկ դար ստեղծել էր շինարարական միտքը: Այն նաև տեխնիկական մտքի վերջին ձեռքբերումների արտահայտությունն էր, ճարտարագիտական արվեստի իսկական հուշարձան:

Թվում էր, թե աշտարակը գրավում է ոչ միայն իր չափսերով ու տեսքով, այլ նաև զբոսաշրջիկներին հրապուրելու հսկայական հնարավորություններով: Մինչև 100 մարդ տանողունակությամբ 4 վերելակները, որ աշխատում էին հիդրավլիկական ճնշման միջոցով, ամեն օր մինչև 115 մետր բարձրությամբ վեր էին հանում հազարավոր մարդկանց, ովքեր կանենում էին Փարիզը տեսնել թռչուններին հասու բարձրությունից: Եվ նրանք կարող էին ՙքաղաք վերադառնալ՚` իջնելով աշտարակի 1792 աստիճանով:

Փարիզյան ցուցահանդեսի կոմերցիոն հաջողությունն այնքան հսկայական էր, իսկ աշխարհի ՙ«նոր հրաշալիքը» տեսնելու ցանկությունն անքան մեծ, որ համաշխարհային արդյունաբերական հաջորդ` 13-րդ ցուցահանդեսը նույնպես անցկացվեց Փարիզում, ընդ որում` հենց հաջորդ տարի:

Աշտարակն ամբողջ աշխարհին հայտնի դարձավ բառացիորեն մի քանի օրում: Գյուստավ Էյֆելը երջանիկ էր: Իսկ այցելուների թիվն աննախադեպ էր. համաշխարհային արդյունաբերական ցուցահանդեսի վեց ամիսների ընթացքում ՙ«երկաթե տիկնոջը» տեսնելու համար այցելել էր 2 մլն մարդ: ՙ«Երկաթե տիկինն» էլ պարտքի տակ չմնաց. տարեվերջին նրան հաջողվեց փոխհատուցել շինարարության ծախսերի երեք քառորդը: 

Էյֆելյան աշտարակը, սակայն, միանգամից չընդունվեց: Եվրոպայի մայրաքաղաքի ամենանշանավոր խորհրդանիշը տասնամյակներ շարունակ դեռ օտար էր յուրայինների մեջ: Փարիզցիներից շատերը համարելով, որ այն ճնշում է իրենց քաղաքի դասական ճարտարապետությունը, դեմ էին նրա գոյությանը: Մտավորականների մեծ մասն էլ հիացած չէր արդիական կառույցով: Մեծն Հյուգոն ու Վեռլենը, Էմիլ Զոլան, Շառլ Գունոն, Ալեքսանդր Դյումա-որդին, մշակույթի փառավոր գործիչներ զայրալից նամակներ էին գրում` պահանջելով Փարիզի փողոցներից անհապաղ մաքրել այդ շանթարգելը: Կառավարությանն ուղղված հավաքական բողոքում, որը ստորագրել էին արվեստի 300 նշանավոր գործիչներ, և որը պահպանվում է թանգարանում, աշտարակն անվանվում էր անպետք ու հրեշավոր, իծաղաշարժ աշտարակ, որն իշխում է Փարիզի վրա ինչպես մի գործարանի հսկայական ծխնելույզ, ապա ավելացվում էր. 20 տարի շարունակ մենք ստիպված ենք լինելու նայել  երկաթից ու գամերից զազրելի հենասյան ստվերին, որ տարածվում է քաղաքի վրա ինչպես թանաքի հետք: Հանուն իրական ճաշակի, հանուն արվեստի, հանուն Ֆրանսիայի պատմության, որը վտանգված է, մենք` գրողներս, նկարիչներս, քանդակագործներս, ճարտարապետներս` մինչ այժմ Փարիզի անթերի գեղեցկության կրքոտ երկրպագուներս, խոր զայրույթով բողոքում ենք մեր մայրաքաղաքի սրտում կառուցված անպետք ու հրեշավոր Էյֆելյան աշտարակի դեմ: Իսկ ամենից շատ զայրացած էր հռչակավոր գրող Գի դը Մոպասանը: Աշտարակը նա արհամարհանքով կմախք էր անվանում և մշտապես նստում էր նրա ՙսահմաններում՚ գտնվող ռեստորաններից մեկում, «քանի որ Փարիզում դա միակ տեղն է, որտեղից այն չի երևում»:

Փարիզյան զայրույթի ալիքներն հասան քաղաքապետի ականջին, և կառավարությունը մտադիր էր քանդել աշտարակը: Սակայն Էյֆելի հետ պայմանագրի ժամկետը չէր լրացել: 1906 թ. աշտարակի աշտարակը դարձավ ռադիոհեռարձակման ալեհավաքի հենարանը, և ռադիոն ապամոնտաժումից փրկեց Էյֆելի ստեղծագործությունը: 1910թ. ինժեները 70 տարով երկարացրեց աշտարակի վարձակալության պայմանագրի ժամկետը: Տարօրինակ է, բայց աշտարակը կառուցելիս ոչ մեկի մտքով նույնիսկ չէր էլ անցել, թե որպես ինչ պետք է օգտագործվի այն. կառուցել էին միայն որպես ինժեներական մտքի գագաթ, ո°չ ավելին:

Հետագայում Էյֆելյանը դիմացավ նաև պատերազմին: 1940թ.` գերմանական օկուպացիայի ժամանակ, ֆրանսիացիները Հիտլերի մուտքից առաջ վնասեցին Էյֆելյանի վերելակի ճոպանը, և պատերազմի պատճառով այն հնարավոր չեղավ վերականգնել: Նույն տարում նացիստական զինվորները Էյֆելյանի վրա ամրացրին սվաստիկայով դրոշը, բայց այն շատ մեծ էր, և մի քանի ժամ անց քամին քշեց, ու նացիստները ստիպված եղան այն փոխարինել փոքր դրոշով: Գալով Փարիզ` Հիտլերն այդպես էլ չկարողացավ հասնել աշտարակի գագաթը, և այդ առիթով ֆրանսիացներն ասում են` Հիտլերը գրավեց Փարիզը, բայց չգրավեց Էյֆելյան աշտարակը: Ժամանակ անց մի ֆրանսիացի աշտարակի գագաթին նորից ամրացրեց ֆրանսիական դրոշը: 1944թ. երբ դաշնակիցները մոտեցան փարիզին, Հիտլերը զայրացած` Փարիզի ռազմական կառավարիչ Դիտրիխ ֆոն Կոլտիցին հրամայեց ոչնչացնել քաղաքի նշանավոր կառույցները, այդ թվում և Էյֆելյանը, բայց գեներալը չենթարկվեց ֆյուրերի հրամանին: Զարմանալի է, բայց Փարիզի ազատագրումից հետո Էյֆելյանի վերելակն սկսեց նորից գործել:

Էլեկտրական լամպերը «Երկաթե տիկնոջ» կառուցվածքում հայտնվել են 1910 թ., իսկ 1925թ. մեքենաշինական մագնատ Անդրե Սիթրոենը աշտարակի վրա լուսային գովազդ տեղադրեց` այն անվանելով՝ Էյֆելյան աշտարակը` լույսի մեջ: Աշտարակի վրա տեղադրված մոտ 125 հազ. էլեկտրական լամպերը բոցավառվելով` ստեղծում էին հաջորդական լուսային պատկերներ` Էյֆելյան աշտարակի, աստղային անձրևի, գիսաստղերի թռիչքի, համաստեղությունների նշանների, աշտարակի հիմնադրման տարեթվի, ընթացիկ տարեթվի, վերջապես, Սիթրոեն ազգանվան տեսքով: Այդ գովազդային ակցիան տևեց մինչև 1934թ., իսկ աշտարակը աշխարհի ամենաբարձր գովազդային վահանակն էր:

1989-ին` իր հարյուրամյակի առթիվ, աշտարակը վերակառուցվեց. հին մետաղական կառուցվածքները փոխարինեցին նոր` ավելի թեթև ու ամուր կառուցվածքով: Ընդհանրապես, ամեն 7 տարին մեկ Էյֆելյանը փոխում է նաև իր գունային հանդերձանքը` այն թարմացվում է ներկով ու նորովի ներկայանում այցելուներին: Իսկ նոր հազարամյակի Նոր տարին Էյֆելյանը դիմավորեց նոր լույսերով. Էյֆելյանի միլիոնավոր այցելուներ և աշխարհի բազմամիլիոն հեռուստադիտողներ ականատեսը եղան` ինչպես է երկաթե ոսկեզօծ գեղեցկուհին մի քանի վայրկյանում հեքիաթային փայլ ստանում և վառվում արծաթե կրակների մեջ` որպես մի հսկայական տոնածառ, որի լույսերը երևում էին 80 կմ հեռավորությունից:

Մեր օրերում Էյֆելյան աշտարակը փարիզցիների համար ավելի օգտակար է. նրա գագաթին կան օդերևութաբանական կայան, ռադիոկայան, հեռուստաալեհավաք, որտեղից հեռուստահաղորդումներն է հեռարձակում փարիզյան հեռուստատեսությունը: Աշտարակի վրա տեղադրված է նաև հաղորդակ, որն ապահովում է ոստիկանության և հակահրդեհային անձնակազմի կապը:

tower1 tower2

 

...չիրականացավ բանաստեղծ Վեռլենի կանխագուշակությունը, թե «այս կմախքանման հաշմանդամը երկար չի մնա»: Փարիզի Պողպատե գեղեցկուհին արդեն 120 տարեկան է, և ամեն տարի մոտ 7 միլիոն մարդ Եվրոպայի մայրաքաղաքում լինելիս իր պարտքն է համարում այցելել նաև նրան:

Անժելա ԱՎԱԳՅԱՆ