ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Բիգ Բեն

 


Այս ժամացույց-աշտարակը Լոնդոնի տեսարժան վայրերից մեկն է, և Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ իր պարտքն է համարում տեսնել Բիգ Բենը:
Բիգ Բենը Լոնդոնի ամենահայտնի ուղենիշն է: Այն շատ տպավորիչ ու գրավիչ է հատկապես երբ լուսավորված են նրա չորս թվատախտակները: Բիգ Բենի միջոցով մարդիկ կարող են նույնիսկ տեղեկանալ, թե երբ են սկսվում երկրի պառլամենտի նիստերը, քանի որ այդ ժամանակ լույս է վառվում ժամացույցի թվատախտակի վերևում:
Ժամացույց-աշտարակը կառուցվել է գոթական ոճով, Օգուստաս Փագինի նախագծով: Բարձրությունը 96.3 մետր է, չորս թվատախտակները գետնից 55 մետր բարձրություն ունեն:
1854թ. ժամացույցի մեխանիզմի պատրաստման աշխատանքները լիովին ավարտված էին, բայց միայն 4 տարի անց`1858թ., աշտարակն ամբողջ հմայքով պատրաստ էր ներկայանալու մշուշապատ ալբիոնի բնակիչներին: Բիգ Բենը, սակայն, սկսեց գործել միայն 1859թ. սեպտեմբերի 7-ին:
Աշտարակի բարձրախոսը միանում է BBC ռադիոկայանին. Կառուցումից տարիներ անց` 1923թ. դեկտեմբերի 31-ին, հնչեցին Բիգ Բենի առաջին ղողանջները:

 

Ժամացույց-աշտարակի կարևոր մասը հայտնի Գրեյթ Բել զանգն է, որը պաշտոնական անվանում չուներ, թեև անվան ծագման առիթով կան բազմաթիվ վարկածներ: Դրանցից մեկի համաձայն` ժամացույցն անվանակոչել են ի պատիվ պառլամենտի հանձնակատար Բենջամին Հոլի: Մեկ այլ վարկածի համաձայն` ժամացույցն անվանվել է ի պատիվ բռնցքամարտիկ Բենջամին Քաունթի: Կա նաև մեկ այլ վարկած. զանգը պետք է անվանվեր «Վիկտորիա»` ի պատիվ Վիկտորիա թագուհու, բայց պաշտոնական ելույթների քննարկումներն այնքան են ձգձգվում, որ մասնակիցներից մեկը` մի կատակասեր, աղաղակում է. «Օ~հ, անվանեք Բիգ Բեն, և վերջ»: Այդ կատակն էլ որոշում է ժամանակ-աշտարակի անունը` Բիգ Բեն:
Բիգ Բենը հրաշալի ժամանակաչափ է և հայտնի է նաև իր հուսալիությամբ` հազվադեպ է կանգ առնում: Դա, իհարկե, ճարտարապետական փայլուն մտահղացման արդյունք է:
Նույնիսկ Երկրորդ աշխարհամարտը չոչնչացրեց Բիգ Բենի հրաշալի շինությունը: Ռումբերի տեղատարափի տակ անգամ նրա ղողանջները չէին դադարում` հույս ու հավատ ներշնչելով պատերազմից հուսալքված մարդկանց: