ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Տրակտատ բժշկության մասին

 

Նյու Յորքի բժշկական ակադեմիայի պահոցում պահպանվում է հազվագյուտ մի գիրք` «Տրակտատ բժշկության մասին»:

Այս հնագույն եգիպտական պապիրուսն ամփոփում է ավելի քան 4000 տարի առաջ ապրած իմաստունների մտքերն ու գաղափարները բժշկության մասին: Եգիպտական քարակերտ հնագույն հուշարձանները բավականին լավ պահպանվել են մինչև մեր օրերը, սակայն եղեգնյա պապիրուսե հնագույն ձեռագրերը մեծ մասամբ ոչնչացել, անհետացել են. այս գիրքը բացառիկ ժառանգություն է:

20-րդ դարի 20-ական թվականներին ամերիկացի փորձագետ Ջեյմս Բրեստեդը, թարգմանելով այս եզակի ձեռագիրը, այն բնութագրել է որպես «իրավամբ գիտական մտքերի հնագույն արտահայտություն»:

Բժշկության մասին տրակտատը ցուցադրվել է «Մետրոպոլիտեն» թանգարանում կազմակերպված «Հին Եգիպտոսի բժշկությունը» ցուցահանդեսում, որի այցելուները հնարավորություն են ունեցել տեսնելու նաև բժշկական գործիքներ, վիրաբուժական ասեղներ և այլ պարագաներ, որոնք օգտագործել են եգիպտացի հնագույն բժիշկները: Պապիրուսների վերծանումից պարզվում է, որ եգիպտացի բժիշկները ցնցող գիտելիքներ են ունեցել մարդու մարմնի մասին ունեին, իմացել են, որ սիրտը մղվող արյունը անցնում է ամբողջ մարմնով, չնայած որ այդ փաստը գիտականորեն ապացուցվել է միայն 17-րդ դարում: Նրանք հիանալի տիրապետել են վիրահատություններից հետո կարեր դնելու արվեստին: Ձեռագրում կան գլխուղեղի վնասվածքներից առաջացած ախտանիշների նկարագրություններ:

Բժշկական հնագույն այս ձեռագրում կան խորհուրդներ, թե ինչպես պետք է օգտագործել մեղրը` որպես բնական հականեխիչ միջոց բաց վերքերի մշակման համար, որպես ցավազրկող միջոց, որն իր քիմիական բաղադրությամբ շատ նման է ասպիրինին: Ըստ Ջեյմս Ալենի` մեկ այլ հինեգիպտական ձեռագրում խորհուրդ է տրվում վերքերի վրա դնել բորբոսնած հաց` որպես հականեխիչ միջոց: Պետք է նշել, որ մինչև պենիցիլինի հայտնաբերումը այս մեթոդը շատ արդյունավետ է եղել:Փորձագետի կարծիքով` «նրանք ոչինչ չգիտեին բակտերիաների մասին, սակայն պայքարում էին վարակի դեմ»:

Չնայած Հին Եգիպտոսում արդեն կային մետաղյա գործիքներ, սակայն բժիշկներն օգտագործում էին քարե դանակներ, «քանի որ հնարավոր էր շատ ավելի լավ հղկել, սրել, և դրանք շատ ավելի ստերիլ էին»:

Մարմնի զմռսումը եգիպտացիներին հնարավորություն է տվել խոր գիտելիքներ ձեռք բերել մարդու անատոմիայի և վիրակապ դնելու մասին: Նրանք հասկացել են, որ եթե գլխի մի կողմը վնասված է, ապա այն կարող է կաթվածահար անել մարմնի հակառակ կողմը: Ձեռագրում մանրամասն նկարագրված են ոսկորների ճաքերի, փշրված ոսկորների և կտրվածքների տարբերությունները:

Սկսած 19-րդ դարից, երբ ամերիկացի Էդվին Սմիթը գնեց և թարգմանեց այդ ձեռագիրը, ընթերցողները զարմանում, հիանում են դրա արդիականությամբ: Ճիշտ է, դրանում կան մոգական կախարդություններ, սակայն տեքստերի հիմնական և մեծագույն մասը նվիրված է հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցերին: Հետաքրքիր է, որ երբեմն հանդես էր բերվում խիստ զգուշավորություն, որոշ դեպքերում խորհուրդ էր տրվում չշտապել, սպասել, մինչև օրգանիզմն ինքն իրեն կբուժի:

Ձեռագիրը գրվել է մ.թ.ա. 17-րդ դարում (բուրգերը կառուցվել են շատ ավելի վաղ` դրանից մոտավորապես 900 տարի առաջ), սակայն այստեղ կան բառեր, որոնք արդեն հնաբանություններ են, և հեղինակը պարզաբանում է դրանց նշանակությունը: Սա վկայում է այն մասին, որ այս պապիրուսները ինչ-որ փաստաթղթերի կրկնօրինակներն են, որոնք գրվել են մի քանի հարյուր տարի առաջ: Հնագույն ձեռագիրը գրվել է սև և կարմիր թանաքներով, այսպես կոչված` «սրբազան» ձեռագրով և ավելի վերացական է, քան հանրահայտ նկար-հիերոգլիֆները:

Հեղինակը բժշկական պրակտիկայից նկարագրում է 48 դեպք` սկսելով գլխից, շարժվելով մինչև ուսերը և կուրծքը: Այստեղ ձեռագիրն ընդհատվում է, սակայն փորձագետները ենթադրում են, որ ամբողջական բնագրում նկարագրված են եղել մինչև ոտնաթաթերը հասնող հիվանդություններ:

Փաստաթղթում հիմնականում խոսվում է այնպիսի վնասվածքների մասին, ինչպիսիք են խոցված վերքերը և կոտրվածքները: Սրանից կարելի է ենթադրել, որ այն եղել է «խորհրդատվություն դաշտային բժշկության» մասին, սակայն դրանում նկարագրված են դեպքեր, երբ հեռացվել են նորագոյացությունները կամ ուռուցքները:

Լուրջ խորհուրդներից բացի` կան նաև, այսպես ասած, թեթև բաժիններ, օրինակ` ինչ-որ մեկը հիմնական տեքստին ավելացրել է «երիտասարդացնող» քսուքի դեղատոմսը: Երբ խոսվում է շատ ավելի ուշ ժամանակների և նույնիսկ միջնադարյան բժիշկների բուժման մեթոդների մասին, պարզվում է, որ նրանք շատ ավելի ագրեսիվ ու վտանգավոր են և ավելի քիչ են համապատասխանում ժամանակակից մեթոդներին ու մտածելակերպին, քան եգիպտական հնագույն ձեռագրում գրվածները: