ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Մեծ Բրիտանիայի  տասը արտասովոր թանգարանները 

  

Բրիտանական «Դը թելեգրաֆ» (The Telegraph) հրատարակչությունը  հրապարակել է  Մառախլապատ Ալբիոնի տասը ամենաարտասովոր թանգարանների ցանկը:

  

Լիդսկ ամրոցում է գտնվում Շների վզնոցների թանգարանը, որտեղ  ներկայացված է ավելի քան 100 ցուցանմուշ: Դրանք վերաբերում են հիմնականում միջնադարին և ոչ միայն պարզապես վզնոցներ են, այլ նաև արվեստի գործեր:

 

Ռագբիում գտնվող Մանկական  հին սայլակների թանգարանում ներկայացված ցուցանմուշների հարուստ հավաքածուում ոչ միայն սովորական քառանիվ օրորոցներ են, այլև բարդ կառուցվածքով սայլակներ` նախատեսված երկվորյակների համար, ինչպես նաև զբոսասայլակներ, որոնք կարող են դառնալ փոքրիկ սեղան և աթոռ:

  

Սաութփորթի Խոտհունձ մեքենաների թանգարան հնարավոր է այցելել` վճարելով ընդամենը երկու ֆունտ: Այստեղ ոչ միայն կարելի է դիտել ամբողջ հավաքածուն, այլև մանրանասն տեղեկություններ ստանալ այս կամ այն մեխանիզմի պատմության և տվյալ թանգարանում հայտնվելու մասին: Արքայադուստր Դիանայի և Չառլզի խոտհունձ մեքենան ևս, որով մշակել են սիզամարգերը,այս թանգարանում է: Մեկ այլ տաղավարում կարելի է տեսնել մրցարշավի մեքենաներ, որոնք սարքավորվել են սովորական խոտհունձ մեքենայի հիմքի վրա:

  

Մեծ Բրիտանիայի խորհրդանիշներից մեկին նվիրված` Լոնդոնի Թավշյա արջուկների թանգարանում կարելի է տեսնել խաղալիքներ, որոնք այս կամ այն պատմական իրադարձության վկան են և պատկանել են հայտնի անձանց: Ներկայացված են նաև թավշյա արջուկների եզակի նմուշներ:

 

Պետերբորոյում` Քեմբրիջշիրում գտնվող Ճպուռի թանգարանի ստեղծողները հավաստում են, որ նման ցուցադրության նպատակը երկարաթև միջատների հանդեպ մարդկանց մեջ գութ արթնացնելն է և նրանց արտասովոր վարքը ներկայացնելը:  

 

Քոռնուոլի Կախարդության թանգարանում հավաքված են  առարկաներ, որոնք առնչվում են հմայության հետ: Այստեղ կարելի է տեսնել վհուկի դանակից մինչև չորացած խոտեր, ձեռքի ափով, ծխի միջոցով, ջրով լի բաժակով, հայելիով, օձերի շարժման միջոցով, բզեզի շարժման միջոցով գուշակություններ անելու պարագաներ: 

 

Նորուիքում գտնվող` համեմունքներ արտադրող հանրահայտ ընկերության խանութին կից գործում է մի փոքրիկ թանգարան` Մանանեխի թանգարանը: Այստեղ կարելի է իմանալ տարբեր վայրերում աճող, տարբեր համեր ունեցող, տարբեր բաղադրատոմսերով պատրաստվող մանանեխի մասին:

  

Քեսուիքի Մատիտի թանգարանը գտնվում է Շոտլանդիայի սահմանի մոտ, որտեղից 17-19 դդ. արտահանվել է գրաֆիտ: Ցուցանմուշները ևս նվիրված են պատմության այդ էջերին: Ներկայացված են նաև զանազան արտասովոր մատիտներ, որոնցով կարելի է նկարել սովորել: Թանգարանի այցելուները չեն դիմանում գայթակղությանը և բազմաթիվ գնումներ են կատարում թանգարանում գործող գրենական պիտույքների խանութի չափազանց մեծ տեսականուց: 

Ջուտի թանգարանը գտնվում է շոտլանդական փոքրիկ Դունդե քաղաքում, որն անցյալում փառաբանվում էր ջուտի արտադրության ֆաբրիկաներով, որոնցում տեղադրված էին ժամանակակից սարքավորումներ, և բնակչության մեծ մասը օգտվում էր նրա արտադրանքից: Ժամանակի ընթացքում ջուտի պահանջարկը նվազեց, և մեկը մյուսի հետևից փակվեցին բոլոր ֆաբրիկաները, իսկ նրանցից մեկը` «Վերդանթ վորքսը», վերածվեց թանգարանի: 

 

Նոթինգ Հիլի Փաթեթավորման թանգարանը ստեղծվել է 16-ամյա մի տղայի շնորհիվ, որը 200 տարի առաջ հավաքել է թխվածքաբլիթի փաթեթներ: Հենց այդ փաթեթներն էլ հետագայում դարձել են թանգարանի ստեղծման հիմքը: Ներկայումս փաթեթավորման թանգարանում հաշվվում է 10 հազար ցուցանմուշ, որոնք առնչվում են սպառողական ապրանքների վաճառքի ինդուստրիայի  հետ: