ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Թղթի ստեղծման և արտադրման պատմությունից 

 

Անհնար է մարդկային և հասարակական հարաբերությունները պատկերացնել առանց ...թղթի: Անձնական նամակագրությունից մինչև առօրյա կամ պաշտոնական գրություններ, երկրների միջև պայմանագրերի կնքում... Իզուր չէ, որ երբ ստեղծվել է թուղթը, դրա ստացման եղանակը գաղտնի է պահվել: Իզուր չէ նաև, որ ճապոներենում «թուղթ» և «աստվածություն» բառերը նույնանուններ են:

Թղթի առաջին ստեղծողներից մեկը համարվում է Հո կայսեր պալատական խորհրդատու Ցայ Լունը: Տարեգրության համաձայն` դա տեղի է ունեցել 105թ.: 1957թ., սակայն, Չինաստանի հյուսիսային արվարձանի Բաոցյա քարանձավում հայտնաբերվել է գերեզման, որտեղ գտնվել են թղթի թերթերի կտորներ, որոնց ուսումնասիրությունից պարզվել է, որ այն պատրաստվել է մ.թ.ա. 2-րդ դարում:

Մինչ Ցայ Լունը Չինաստանում թուղթ պատրաստել են կանեփաթելից, ավելի վաղ` մետաքսից, որն ստացել են շերամի բեղմնավորված որդերի կոկոններից: Ցայ Լունը առաջարկել է թուղթ պատրաստել թելավոր բույսերից` քարե սանդի, փայտե սանդակոթի և մաղի միջոցով: Թթենուց կտրում էին տաշեղիկներ,, վրայից հանում էին կեղևը, փայտի թելիկավոր մասը թրջում էին անձրևաջրի մեջ, ավելի մանր մասերի բաժանում, մինչև խյուս դառնալը ծեծում էին հանգով, ստացվածը հավաքում էին տակառի մեջ, խառնում էին ջրով, ապա մաղում: Ջուրը քամվում էր, և երեսին մնում էր հարթ, բարակ թելավոր մնացուկը, որը շրջում էին հարթ տախտակի վրա, դրանք շարում իրար վրա և սեղմում ծանրությամբ: Ծանրության տակ պնդացած թերթերը չորացնում էին: Այդ մեթոդով պատրաստված թուղթը թեթև էր, դիմացկուն և նամակի համար հարմար: Հետագայում սկսել են պատրաստել տարբեր չափսերի, գույնի, հաստության, այլ հատկանիշներով թղթեր` օգտագործելով նույնիսկ հատուկ նյութեր, որոնց շնորհիվ տարբեր էֆեկտներ էին ստանում, օրինակ, վնասակար միջատները չէին մոտենում:

Թղթի ստեղծման այդ ժամանակաշրջանում էլ ի հայտ են եկել նաև թղթե դրամները:

Կայսր Խեն Սյուանը հրամայեց գրել միայն թղթի վրա, և թուղթը դարձավ նամակագրության պաշտոնական միջոցը: Բայց ամենակարևոր բանը, որ աշխարհին նվիրել է թուղթը, գիրքն է. 5-6-րդ դարերում թղթե գրքերը տարածված էին ամբողջ Չինաստանով մեկ:

Ճապոնացիները գերազանցեցին չինացիներին. թուղթը նրանց համար միայն նամակագրության, նկարչության և փաթեթավորման նյութ չէր, յուղած թղթից նրանք պատրաստում էին նաև պատուհաններ, վարագույրներ, ծածկոցներ և այլն:

Թեև թղթի թերթերի բաղադրատոմսերը պահվում էին որպես պետական գաղտնիք, սակայն Ցայ Լունի հայտնագործությունից հետո թղթի արտադրությունը արագ յուրացվեց: Որպեսզի այն ավելի ամուր լիներ, թղթի «խմորին» ավելացնում էին օսլա, սոսինձ, բնական ներկեր և այլն:

6-8-րդ դդ. թղթի պատրաստման եղանակը հայտնի դարձավ Կորեայում և Ճապոնիայում, իսկ 150 տարի անց զինվորականների միջոցով հասավ արաբներին: Հետո այն տարածվեց Միջին Ասիայում, ասիական մյուս երկրներում:

11-12-րդ դդ. թուղթը հայտնվեց Եվրոպայում, որտեղ շուտով փոխարինեց կենդանական մագաղաթին: Այստեղ առաջինը թուղթ սկսել են պատրաստել Իսպանիայում. թղթի պատրաստման եղանակն այս երկիր էին ներմուծել արաբ զավթիչները 1150 թ.: Մոտավորապես 1276 թ. թուղթ սկսեցին պատրաստել Իտալիայում, 1391-ին` Գերմանիայում, 1494թ.` Անգլիայում: Բամբակից ստացվող թղթի վրա են գրառված Ռուսաստանում գտնվող` 1371 թվականով թվագրվող գիրքը, թաթարական և կալմիկական տարեգրությունները: Ամերիկայում թղթի առաջին գործարանը հիմնադրվել է բավական ուշ` 1690թ., թեև դրանից շատ առաջ մայրցամաքի բնիկները` հնդկացիները, չինացիներից անկախ, պատրաստել են թուղթ: Այն պատրաստում էին ագավայի մանրաթելերից և պատում էին կրի բարակ շերտով:

 

15-16-րդ դդ. սկսած, կապված գրատպության հետ, թղթի արտադրությունը արագորեն ընդլայնվեց: Ընդ որում` այն արտադրվում էր ամենապարզունակ եղանակով: 1770թ. Անգլիայում թղթի արդյունաբերող Ջոն Բաթման ավագը ներդրեց թղթի ստացման նոր եղանակ, որի շնորհիվ թղթի թերթերի ցանցը չէր երևում:

Թղթի արտադրության զարգացման գործում էական նշանակություն ունեցավ աղացող մեքենայի ստեղծումը 17-րդ դարի կեսին: 18-րդ դարի վերջին արդեն այդպիսի մեքենայի գլանը` թղթային զանգվածի աղացը, հնարավորություն էր տալիս պատրաստել թղթի ավելի մեծ զանգված, սակայն ձեռքի աշխատանքը դեռևս շատ էր, և դա սահմանափակում էր արտադրության ընդլայնումը: 1799թ. արտոնագրվեց թղթի արտադրության մեքենան (Լուի-Նիկոլյա Ռոբեր): 1803թ. թղթի արտադրության մեքենա սարքավորվեց Մեծ Բրիտանիայում (Բրայեն Դոնկին):

19-րդ դարի կեսերին թղթի արտադրության մեքենան վերածվեց բարդ սարքավորման, որն աշխատում էր անընդհատ և հիմնականում ավտոմատ կերպով: 20-րդ դարում թղթի արտադրությունը դառնում է արդյունաբերության խոշոր, բարձր մեխանիզացված ճյուղ` անընդհատ-հոսքային տեխնոլոգիական սխեմայով, հզոր էլեկտրական կայաններով և թելանման կիսաֆաբրիկատների բարդ քիմիական արտադրությամբ: Ընդ որում` թղթի արտադրության համար հումք կարող են ծառայել փայտանյութի զանգվածը կամ ցելյուլոզը, միամյա բույսերի ցելյուլոզը, կիսացելյուլոզը, թղթի թափոնը, հնալաթի կիսազանգվածը, թղթի առանձին տեսակների համար` ասբեստը, բուրդը և այլ մանրաթելեր:

Թղթի արտադրության ընթացքում կատարվում է թղթային զանգվածի պատրաստում, թղթարտադրության մեքենայում այդ զանգվածի մշակում, վերջնական մասնատում, տեսակավորում և փաթեթավորում:

Աշխարհում խոշորագույն թղթարտադրողներ են ամերիկյան «Ինթերնեյշնըլ փեյփըր» (International Paper), «Ջորջիա Փասիֆիք» (Georgia-Pacific), «Վեյերհաուզեր» (Weyerhaeuser), «Քիմբերլի-Քլարք» (Kimberly-Clark), ֆինլանդական «Սթորա Էնսո» (Stora Enso), «UPM-Քիմենե» (UPM-Kymmene), «M-Րիալ» (M-Real), շվեդական «Սվենսկա Ցելյուլոզա Ակտիեբոլաժե» (Svenska Cellulosa Aktiebolaget), բրիտանական «Մոնդի» (Mondi), հարավաֆրիկյան «Սափի» (Sappi) ընկերությունները:

Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս արտադրել կավճապատ թուղթ` մակերեսի քառակի մշակմամբ, որը ներառում է մակերեսային սոսնձում կամ պիգմենտավորում և կավճապատում, առանձին սարքավորումով երկու շերտով կավճապատում: Այդպիսի թուղթը հնարավոր է դարձնում կատարել բարձրորակ գեղարվեստական տպագրություն, որը մոտ է իրական լուսապատկերին: Բարձր տպագրության համար, որպես կանոն, ամեն ինչ նախատեսված է բազմագույն նկարազարդ-տեքստային հրատարակությունների և նկարազարդ-պատկերային արտադրության համար:

Կարելի է առանձնահատուկ նշել պատճենահանման թղթի մասին: Նախկինում ոչ մի մեքենագրուհի չէր կարող աշխատել առանց դրա: Ընդ որում` հետաքրքիր է, որ այդ թուղթն ավելի շուտ է ստեղծվել, քան հենց մեքենագրական սարքը: 1806թ. անգլիացի Ռալֆ Վեջվուդը արտոնագրեց «Գրությունների և փաստաթղթերի պատճենների ստացման սարքը»: Նա վերցնում էր թանաքով ներծծված բարակ թուղթ, հետո այն չորացնում էր երկու ծծան թղթի միջոցով, որը գրելիս դնում էր թղթի տակ և ստանում գրածի մի քանի օրինակ: Պատճենահանման թուղթը միանգամից չընդունվեց. միայն 1820-1830 թթ. գյուտարարը Լոնդոնում բացեց այդպիսի թղթի պատրաստման արտադրամաս, իսկ մեզ համար սովորական պատճենահանման թուղթը հայտնվեց ավելի ուշ` մոտ 100 տարի առաջ:

Կա հատուկ թուղթ, որը թույլ է տալիս կրկնօրինակել առանց պատճենահանման: Այդ թղթի գրելու մասը սովորական է, իսկ հակառակ կողմը կազմված է երկու շատ բարակ շերտերից, որոնցից առաջինը հատուկ կոալինից է, իսկ երկրորդը ներծծող միկրոպարկուճների շերտ է: Յուրաքանչյուր պարկուճում կա հատուկ հեղուկի մի կաթիլ: Սովորական վիճակում հեղուկը թափանցիկ է, բայց կոալինի հետ միանալիս, որը տեղի է ունենում թղթի վրա ճնշում գործադրելիս, այն սևանում է: Այդպիսի թղթի տակ սովորական թուղթ դնելիս ստացվում է պատճեն:

Թուղթ կա, որ օգտագործվում է հատուկ արխիվային փաստաթղթեր տպագրելու համար: Այդպիսի թուղթը պահպանում է էլաստիկությունը և դեղնում միայն 100 տարվա ընթացքում: ԱՄՆ-ի ազգային արխիվում կա 3 մլրդ փաստաթուղթ, որից 500 միլիոնն արդեն պիտանի չեն: Փաստաթղթերը պահպանելու համար պետք է դրանք տպագրել բարձրորակ թղթի վրա և պահպանել ջերմաստիճանային հսկումով հատուկ խցերում: Մագնիսական ժապավեններն ու օպտիկական սկավառակները, պարզվում է, պետքական են միայն փաստաթղթերի մի մասի պահպանության համար, այլ ոչ թե զանգվածային օգտագործման:

1856թ. հայտնագործվեց ծալքավորված թուղթը, իսկ 1857թ.` փայտանյութից թուղթ ստանալու տեխնոլոգիան: Առանձին թղթեր են օգտագործվում փաթեթավորման, դեկորատիվ նպատակներով, գրքեր, ամսագրեր կազմելու նպատակով, դիզայներական աշխատանքներ կատարելիս, ինքնապատճենահանման, ինքնասոսնձման, վերջապես, պաստառապատման համար: Նման դեպքերում ավելի կարևոր են գործառական հատկանիշները և պահանջարկը:

Թուղթը նաև բազմաթիվ «մասնագիտություններ» ունի: Նայենք մեր շուրջը` գրադարակներին, պաստառներին, լուսանկարներին, սփռոցներին, սրբիչներին, անձեռոցիկներին... Թղթից որևէ բան կա հագուստի, կոշիկի, հեռուստացույցի և ռադիոյի մեջ: Դեռ 1880թ. Սիդնեյում` համաշխարհային ցուցահանդեսում, ցուցադրել են ամբողջովին թղթից պատրաստված տուն: Այդ թղթե տանը սարքավորված էին թղթե «աթոռներ», որոնց վրա նստում էին հյուրերը, թղթե ամանեղեն, որից ուտում էին:

Կա թուղթ, որը չի այրվում. այն պատրաստում են ջերմակայուն ապակեթելից: Այդպիսի թուղթը դիմանում է 1700 աստիճան ջերմությանը և օգտագործվում է, օրինակ, որպես ատոմակայանների ֆիլտր: Թուղթը ծառայում է նաև որպես մեկուսիչ: Մասնագետները ստեղծել են գերդիմացկուն թղթե «գործվածք», որից գովազդային նպատակով հարսանեկան զգեստներ են կարել հարսի և փեսայի համար: Այդպիսի «կտավի» վրա կարելի է նկարել մատիտով ու ներկերով: Դա շատ հարմար է նկարիչների համար. ի տարբերություն ավանդական կտավի` թղթե «կտավից» մատիտի հետքը հնարավոր է ջնջել սովորական ռետինով:

Կա թուղթ, որը լուծվում է ջրում: Դրանից պատրաստում են ապրանքային նշաններ, փաթեթավորման միջոցներ, օգտագործում են սանիտարական նպատակներով:

Կա …երգող թուղթ: Մի երաժիշտ պատրաստել է ...թղթե խողովակներից երգեհոն, որից այնպիսի ձայն է հնչում, ինչպիսին մետաղե խողովակներից: Եվ այդ թղթե խողովակները 800-ն էին:

Իսկ ընդհանրապես, եկեք չմոռանանք, որ Լեոնարդո դա Վինչին համարում էր, որ թղթի ամենամեծ նշանակությունը մարդու մտքերը պահելն է, և դա է թղթի մեծագույն արժեքը:

 

 Նյութը պատրաստեց Արմինե ԲԱԴԱԼՅԱՆԸ