ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Ժամանակակից աշխարհի 7 ինժեներական հրաշալիքները

 

Հնարավոր է արդյոք պատկերացնել, որ Ֆրանսիայի ամենաբարձր կամուրջն ավելի բարձր է, քան Էյֆելյան աշտարակը, կամ որ մի ջրամբարը Չինաստանում կարող է պահել 1,4 տրիլիոն խորանարդ ֆուտ (39 տրլն 643 մլն 589 հազ. 222,8 լիտր) ջրի զանգվածը: Բայց այսօր դա իրողություն է: Մեր օրերում ստեղծվում են նոր ինժեներական կառույցներ, որոնք յուրովի ռեկորդակիրներ են` երկարության, լայնության, խորության առումով: Ժամանակակից աշխարհի այդ հայտնությունները փոված են Վենետիկից մինչև Բոստոն, Եգիպտոսից մինչև Անգլիա:

1.   Իր ինժեներական հրաշալիքով Իտալիան աշխարհին ներկայանում է Վենետիկի ջրային ամբարտակով, որը խոստանում է լինել ջրհեղեղների դեմ ամենահզոր միջոցը:
Ինչպես փրկել ջրանցքների և գոնդոլների քաղաքը խորտակումից: Մասնագետները այս հարցի պատասխանը որոնում են արդեն ավելի քան կես դար, և ահա, XXI դարի սկզբին Վենետիկի կառավարությունը որոշեց բնական աղետներից պաշտպանվել ամբարտակ-դարպասների շարժական համակարգի միջոցով, որը, անհրաժեշտության դեպքում, կամրացվի նեղուցին: Համակարգը կարգելափակի ջրհեղեղը, միաժամանակ չի խախտի ծովալճակների ներկայիս հավասարակշռությունը: Այդպիսի դարպասները, որոնք կլինեն ծովի խորքում և վեր կբարձրանան վտանգի ազդանշանի դեպքում, կտեղեկացնեն ծովային մակընթացության մասին: Դա Վենետիկի համար կարժենա 3-4 մլրդ դոլար և կառուցված կլինի միայն 8-10 տարի հետո:


2.   Աշխարհի ամենամեծ և ամենածանր բաց վերելակն է կառուցվում Չինաստանի լեռներում: Բեյլոնգ   անվանվող ապակեպատ հսկան, որի բարձրությունը հազարավոր ֆունտերի է հասնում, մարդկանց կհասցնի 326 մ բարձրություն ունեցող Ժանգջիեջի (Zhangjiajie) լեռան գագաթը: Ամենահետաքրքիրն այն է, որ ճանապարհի մեկ երրորդը վերելակը կանցնի լեռան, իսկ երկու երրորդը` լեռնային բաց բնապատկերների միջով:
Զբոսաշրջիկները երբ հնարավորություն կունենան վերելակի ապակու մյուս կողմից հիանալ ժայռերի գլխապտույտ գեղեցկությամբ` դեռևս հայտնի չէ, քանի որ Բեյլոնգի հետագա ճակատագիրն էլ անհայտ է: Գիտնականները հավաստում են, որ նման վերելակի առկայությունն անհարմարություններ կստեղծի հենց լեռան համար և անդառնալի վնասներ կհասցնի նրան:

 

3.   Վիադուկ Միյո (le Viaduc de Millau) կայմապարաններով ավտոճանապարհային կամուրջը, որ անցնում է Ֆրանսիայի Միյո քաղաքի մոտակայքում գտնվող Թարն գետի հովտով, աշխարհի ամենամեծ տրանսպորտային կամուրջն է: Կամրջի չափերն ապշեցուցիչ են` բարձրությունը մոտ 300 մետր, որ ավելի բարձր է, քան Էյֆելյան աշտարակը, և մոտ 2,5 կմ երկարություն: Կամուրջը, կարելի է ասել, քսվում է ամպերին:
Այս ինժեներական լեգենդի կառուցումն սկսվել է 2001թ. հոկտեմբերին և տևել մոտ երեք տարի: Հետաքրքրական է, որ Վիադուկ Միյոն կառուցում է նույն ընկերությունը (Eiffage), որը կառուցել է Էյֆելյան աշտարակը: 

4.   Լանգելեդ ստորջրյա խողովակաշարը, որի երկարությունը 1,2 հազ. կմ է, ծովային ամենամեծ խողովակաշարն է: Այն  նորվեգական “Օրմեն Լենգ” (Ormen Lange) ակունքը միացնում է Անգլիայի հյուսիսարևելյան առափնյա գազային Իզինգթոն (Easington) տերմինալին:
“Օրմեն Լենգը” Նորվեգիայում կբավարարի Մեծ Բրիտանիայի գազի պահանջարկի 20 տոկոսը` Եվրոպայոււմ հազարավոր կիլոմետրանոց գազատարով գազի հանքավայրը  միացնելով ստորջրյա բարդ լանդշաֆտով:

5.   Չինաստանը նոր ինժեներական հրաշալիքներով ներկայանում է ոչ միայն գերբարձր ու ծանր վերելակով, այլ նաև “Երեք կիրճերի” ամբարտակով, որը չինացիները կառուցում են Յանցզի գետի վրա: Ամբարտակի շինարարության արդյունքում գետի ջրի մակարդակը բավական բարձրացել է, այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել մոտ կես միլիոն մարդու վերաբնակեցնել ջրի տակ մնացող բնակավայրերից:

“Երեք կիրճերը” կամ “Սանսյան” աշխարհի մեծագույն ՀԷԿ-ն է, ընդհանրապես ամենամեծ էլեկտրակայանը: Այն գտնվում է Սանդոուպին քաղաքի մոտակայքում` Խուբեյ նահանգի Իչան մարզում: 183 մ բարձրություն ունեցող ամբարտակը 831 հազար 684,66 խորանարդ մ բետոնի շնորհիվ կարող է պահել 39 մլն 643 հազար 585,23 խորանարդ մ ջուր: Հետագայում, երբ կավարտվի “Սանսյանի” շինարարությունը (նախատեսված է ՀԷԿ-ի ստորգետնյա շինությունը շահագործման հանձնել 2010-ին), ամբարտակը կօգտագործվի ոչ միայն նախատեսված նպատակով: Այն Յանցզին կպաշտպանի ջրհեղեղից, կբարելավի նավագնացության պայմանները, նաև կփրկի Չինաստանի արագ զարգացող տնտեսությունը: Հիդրոէլեկտրակայանը կստանա 22,4 մլն կիլովատ էներգիա, որը կբավականացնի Շանհայի էլեկտրամատակարարմանը:

6.   Ամերիկան հսկայական ներդրում է անում Մասաչուսեթսի նահանգում` Բոստոնի սրտում, “Կենտրոնական զարկերակում” (նույն Բիգ Դիգը), որն իրար է կապում ճանապարհներ, կամուրջներ, բարդագույն թունելներ: Այս նախագծի իրականացման աշխատանքներն սկսվել են դեռ 1985թ. և հայտնի չէ` երբ կավարտվեն: Բայց Բիգ Դիգի պատմության մեջ սա չէ ամենահետաքրքրականը. Ամերիկայի Միացյալ Նահանգների գոյության ամբողջ ընթացքում սա ամենաթանկարժեք նախագիծն է, որ փորձում է իրականացնել այս երկիրը (իսկ Ամերիկան, իհարկե, շատ բան կարող է իրեն թույլ տալ):
Ընդհանուր առմամբ` նախագծի արժեքը 15 մլրդ դոլար է: Բայց անհաջողությունը դրանով չի ավարտվում. “կենտրոնական զարկերակի” անհաջողությունները ծագել են հենց սկզբից, և մինչ այժմ տեղի են ունեցել բազմաթիվ դատավարություններ, մի քանիսը ընթացքի մեջ են. Բոստոնի թունելում բազմաթիվ մարդիկ են զոհվել փլուզումների պատճառով: Բազմամիլիարդանոց նախագծի նպատակն է “թաղել” քաղաքի բոլոր վերգետնյա ճանապարհները, իսկ դրանց տեղում այգի հիմնել:

 

7.   Ուշադրության արժանի է նաև Եգիպտոսում` Մուբարաքում  իրականացվող Տոշկա (Toshka) նախագիծը: Տոշկան կես միլիոն ակր անապատային տարածքը հերկելի տարածության վերածելու հրաշալի փորձ է: 2005թ. մարտին Ամերիկայի ինժեներ-շինարարների ընկերակցությունը Տոշկան համարել է այդ տարվա քաղաքացիական հինգ նշանավոր ձեռքբերումներից մեկը:
Շինարարությունն ընթանում է արդեն հինգ տարի, և նախագծի իրականացման համար արդեն ծախսվել է 436 մլն դոլար: Որոշված է շինարարությունն ավարտել 2017թ.` ընդհանուր առմամբ ներդնելով 70 միլիարդ դոլար, ինչը ավելի քան 4 անգամ կգերազանցի Բիգ Դիգի համար նախատեսված գումարը: Արդեն կառուցված է գլխավոր ջրանցքի 50 կմ երկարությամբ հատվածը, 22 կիլոմետրանոց 4 լրացուցիչ ջրանցքներ և 800 մետրանոց օժանդակ խողովակաշար: Եգիպտոսցիները  հույս ունեն նաև, որ Տոշկայի շնորհիվ Նեղոսի ջրի 10 տոկոսը կուղղորդվի այլ ուղղություններով, իսկ երկրի` բնակության համար պիտանի հողատարածքները 25 տոկոսով կավելանան, կստեղծվի 2,8 մլն նոր աշխատատեղ, և ավելի քան 16 մլն մարդ կվերաբնակեցվի կառուցվելիք քաղաքներում: