ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Նախնադարում մարդկային գանգեր են վիրահատվել

 

Մեր պատկերացումները հնադարյան բժշկության մասին այնքան աղոտ են, որ բացահայտված որոշ փաստեր պարզապես ապշեցնում են։ Հնէաբանական գտածոները փաստում են, որ վիրահատական միջամտություններ կատարվել են դեռևս քարե դարում։ Հին Եգիպտոսում ու Հունաստանում այնպիսի վիրահատություններ են կատարվել, որոնք անգամ այսօրվա բժշկության համար բավական բարդ են։

Իրաքում հայտնաբերվել են ավելի քան 30-60 հազ. տարի առաջ ապրած տղամարդու կմախք։ Կմախքի ակնախոռոչները վնասված էին, ատամներ չկային, ձախ ոտնաթաթին կոտրվածքներ կային, իսկ ձեռքն անդամահատված էր։ Թե ինչպես են նախնադարում անդամահատումներ կատարել, հայտնի չէ։

Վիրահատված կմախք հայտանաբերվել է նաև Ֆրանսիայում։ 50-ամյա տղամարդու գանգին 2 բացվածք են հայտնաբերել, որի շուրջ ճաքեր կամ ճեղքեր չկային, ինչն էլ վկայում է, որ այն վիրահատական միջամտության արդյունք է։ Զարմանալի է, բայց վիրահատությունից հետո բորբոքային պրոցեսներ չեն եղել, բացվածքները ամբողջովին պատված են եղել ոսկրի բարակ շերտով։

Պատճառն այն է, որ հնում վիրահատությունները կայծքարից պատրաստված նշտարներով են կատարել, որոնք սրությամբ այսօրվա վիրահատական նշտարիկներին չեն զիջում, ավելին, արգելակում են մանրէների զարգացումը։

Իսկ ահա հնդկացիական ցեղերի բնակավայրերում հնագետները հայտնաբերել են տարբեր չափերի բրոնզե նշտարիկներ, ունելիներ, ասեղներ, կեռիկներ, արյունահոսությունը դադարեցնող սեղմակներ և այլն։

Ժամանակակից բժիշկներին զարմացրել է նաև մ.թ.ա. 1700թ. վերագրվող «Սմիթի պապիրուսը», որտեղ բժշկական որոշ նյութեր կային։