ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Ինչու մահմեդականներն ու հրեաները խոզի միս չեն ուտում

 

Հայտնի փաստ է, որ մահմեդականներին արգելված է ուտել խոզի միս: Սրա բացատրությունը Ռուսաստանի ասիական մասի մահմեդականների հոգևոր հովիվ Նաֆիգուլլա Աշիրովն այսպես է մեկնաբանել. «Խոզի մսի խստագույն արգելքը տրված է հենց Սուրբ Ղուրանում, որը մահմեդականներն ընդունում են որպես աստծո ուղիղ խոսք: Սակայն ոչ կրոնական հարթություններում ևս կան մի շարք պատճառներ, որոնք ցույց են տալիս, որ սա բնավ էլ ամենալավ մսատեսակը չէ: Օրինակ, խոզի մսի մեջ հաճախ են հանդիպում հելմիտներ, որոնք ջերմային մշակման ենթարկվելիս չեն ոչնչանում և սննդի հետ ընկնում են մարդու օրգանիզմ: Բացի այդ, այս միսը շատ դժվարամարս է, հենց այդ պատճառով էլ այն չեն մատուցում մանկապարտեզներում կամ հիվանդանոցներում»:  Սակայն խոզի մսից խորշում են ոչ միայն մահմեդականները: Որպես անմաքուր կենդանի` խոզը հիշատակվում է Ղուրանից էլ դեռ շատ ու շատ առաջ` Ք. ա. 9-րդ դարում գրված Թորայում: Խոզի հանդեպ խորշանքը հրեաների մոտ այնքան ուժգին է եղել, որ այս կենդանուն իր անվամբ անվանելու փոխարեն տվել են «դավար ախեր» (թարգմանաբար` «ուրիշ բան») անունը, այսինքն, մի բան, որն անգամ իր անվամբ կոչվելու արժանի չէ: Հրեաների և մահմեդականների բացասական վերաբերմունքը խոզի հանդեպ մեծապես կախված է նաև այս կենդանիների անմաքրությունից, որոնք ուտում են ամեն ինչ, անգամ` սեփական արտաթորանքը: Կա ևս մեկ հանգամանք` տաք կլիմայական գոտիներում խոզի մսի մեջ արագորեն կուտակվում է այսպես կոչված դիակային թույն: Սակայն հրեա որոշ ազգագրագետներ հարցին մեկ այլ բացատրություն են տալիս: Նրանք չեն բացառում, որ վարազը եղել է սկյութների աստվածություններից մեկը դեռ տոտեմիզմի ժամանակաշրջանում, ուստի նրա անունը տալն ու առավել ևս միսն ուտելն արգելված է համարվել ստորադաս հավատացյալների կողմից: Կենդանապաշտությունը վերացվել է, սակայն դրա որոշ յուրահատկություններ փոխանցվել են մարդակերպ աստվածների կրոններին: Խոզի միս չուտելու տաբուն էլ հետագայում փոխանցվել է տարբեր կրոնների գաղափարախոսություն: Այսպես, նույն տաբուն թույլ չի տվել սլավոններին արջին տալ իր իսկական անվանումը, որը սլավոներենում եղել է «бер»-ը: Դրա փոխարեն այս սրբացված կենդանուն անվանել են «медведь», ինչը նշանակել է «մեղրի գիտակ»: Ի դեպ, ժամանակին սլավոնները ևս չեն օգտագործել արջի միս: