ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

«ՋՐԱՅԻՆ» ՏՈՒՆ

 

Ջուր, ջուր, շուրջբոլորը ջուր: Այս բառերն իսկապես բնորոշում են եզակի այս շենքը: H2O «ջրային» տունը կառուցվել է Axis Mundi ստուդիայի ճարտարապետների նախագծի հիման վրա: Շենքը նախատեսված է մի ընկերության համար, որը զբաղվում է շշերով գազավորած ջրի արտադրությամբ և վաճառքով: Նորագույն պոլիմերային նյութերից և պողպատե ամրաններից կոմպոզիցիան հնարավորություն է ընձեռել ստեղծել տպավորիչ և արտասովոր, փոփոխական և անչափ գեղեցիկ տուն: «Ջրային» տան պատերից լույսն անդրադառնում է՝ անցորդների մոտ ստեղծելով տպավորություն, թե յուրաքանչյուր վայրկյան իրենց վրա կարող է թափվել ջրային հոսքը:

Մինչ շինարարության սկսելը՝  ճարտարապետները երկար ժամանակ ուսումնասիրել են ալիքների ֆիզիկան և այն, թե ինչպես է լույսն անդրադառնում գետերի, առվակների և լճերի մակերևույթից: Ալիքների լուսանկարչական պատկերի հիման վրա ստեղծվեց 3D մոդել, որը հետագայում տեղափոխվեց շենքի ճակատային հատված: Որոշ տեղերում գծերը խառնվեցին, մի քանիսում դարսվեցին իրար վրա. այս ամենը թույլ տվեց ստեղծել կենդանի, անընդհատ փոփոխվող նկար:
Լույսն ազատորեն ներթափանցում է հանկարծակի հայտնվող ալիքների միջով` բեկվելով և բնականոն տարածվելով: Արդյունքում՝ «ջրային» տան գրասենյակներում տիրում է թեթև, փայլատ կիսախավար՝ նույնիսկ տոթ կեսօրին:                                    

H2O-ն «ջրային» տունը հրաշալի օրինակ է, թե ինչպես կարող է անսովոր գաղափարը սովորական շինությունը վերածել անկրկնելի գլուխգործոցի: