ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Նոր սարքի շնորհիվ սմարթֆոնը կարող է չափել խոլեստերինի քանակն օգտատիրոջ օրգանիզմում

 

Ժամանակակից սմարթֆոններն այսօր համալրված են բազմապիսի գործառույթներով, որոնք հնարավորություն են տալիս զվարճանալուց բացի հետևել նաև սեփական առողջությանը: ԱՄՆ-ի Քորնելի համալսարանի գիտական թիմը ստեղծել է ուշագրավ մի սարք, որը հեռախոսին կցելու դեպքում, հնարավորություն է տալիս չափել օգտատիրոջ օրգանիզմում խոլեստրինի ու վիտամին D-ի քանակը։ Նորաստեղծ սարքն արտաքուստ նման է փոքրիկ կրեդիտ քարտի, որն օգտատիրոջ արյան 1 կաթիլի միջոցով ներկայացնում է համապատասխան առողջական տվյալները։ Նշվում է , որ տեխնոլոգիան գործում է նաև թքի ու քրտինքի միջոցով։ Գիտական թիմի անդամ Դևիդ Էրիքսոնը պատմել է, որ խոլեստերինի ու վիտամին D-ի քանակը չափելու համար իրենց ստեղծած սարքից պահանջվում է 2 րոպե։ Սարքը գործում է հետևյալ կերպ. արյան նմուշը կաթեցվում է քարտի վրա, ինչից հետո այն փոխազդում է դրա վրա առկա քիմիական նյութերի հետ։ Այնուհետև օգտատերը սմարթֆոնով լուսանկարում է քարտը, ու մի քանի րոպեից հեռախոսի էկրանին կարդում պատասխանը։ Մասնագետները հույս ունեն, որ տեխնոլոգիան հասանելի կդառնա զանգվածային կիրառման համար արդեն մի քանի տարուց։