ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ճապոնիայում աշխատակիցների տրամադրությունը «չափող» գործիք են ստեղծել

 

 

Hitachi ճապոնական կոնցեռնը ներկայացրել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս վերահսկել աշխատակիցների հույզերը: Ըստ այդմ՝ Hitachi High Technologies-ում ստեղծվել է մի սարք, որը որոշում է մարդու տրամադրությունը ըստ նրա շարժումների: Աքսելերոչափիչով համալրված սարքը ունի բեյջի չափ, ֆիքսում է, թե կրողը որքան ժամանակ է նստած լինում, որքան ժամանակ կանգնած, տպում ու գլխով անում: Այս տվյալները փոխանցվում են կենտրոնին, որը մարմնի շարժումների հիման վրա որոշում է աշխատակցի բավարարվածության աստիճանն իր աշխատանքով, նրա արտադրողականությունը և ղեկավարի համար կարևոր այլ չափորոշիչներ:  
Սարքը սքանավորում է իր կրողի պահվածքը վայրկյանում  50 անգամ՝ զուգահեռ ֆիքսելով, թե որքան և ինչ առոգանությամբ է նա շփվում: Ստացված տվյալները մշակվում են և «զետեղվում են» թիմի կոլեկտիվ հուզական պատկերի տվյալների վրա՝ ղեկավարներին թույլ տալով դուրս բերել ընդհանուր գործոններ, որոնք վատթարացնում են աշխատանքային պայմանները և շտկել դրանք:
Նորույթը Ճապոնիայում վաճառքի կհանվի 100 հազար իենով՝ մոտ 840 ԱՄՆ դոլարով: Գումարը ներառում է նաև տարեկան սպասարկման վճարը: