ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Գիտնականները ճամպրուկ-ռոբոտ են ստեղծել, որը գնում է տիրոջ հետևից

 

 

Իսրայելցի գիտնականները  «խելացի» ճամպրուկ են ստեղծել, որը շարժվում է իր տիրոջ հետևից: Այդ սարքը նախագծել են  Nua Robotics ընկերության աշխատակիցները:  Խելացի ճամպրուկը  տեսախցիկի հետ ներկառուցված տվիչ ունի, որը որոշում է տիրոջ գտնվելու վայրը: Սակայն արժե նշել, որ սարքն առայժմ կարող է տեղաշարժվել միայն հարթ տարածության վրա և տիրոջ հետևից: Շարժման ընթացքում ճամպրուկի տերն անընդհատ տեղեկանում է, թե այդ պահին որտեղ է իր  «խելացի» օգնականը: Նշանակալի է այն, որ բավականին բարդ կլինի նման ճամպրուկը գողանալը, բայց եթե ինչ-որ մեկի մտքով անցնի յուրացնել այդ սքանչելի հարմարանքը,  «խելացի» սարքը տագնապի ահազանգ կհնչեցնի: Եվս մեկ հետաքրքիր մանրամասն. սարքը լիցքավորվում է հենց շարժման գործընթացում: Պետք է ասել, որ գյուտն առայժմ մինչև վերջ մշակված չէ, սակայն արդեն փորձարկվում է տարբեր պայմաններում: Հաջող թեստավորման դեպքում խելացի ճամպրուկը մանրածախ առևտրում կհայտնվի արդեն  2016-ի վերջին: Ինչպես պնդում են մշակողները, նրանց գյուտը միայն հարուստ զբոսաշրջիկների համար չէ: Ռոբոտ-ճամպրուկում կիրառված նոր տեխնոլոգիաները կարելի է օգտագործել սուպերմարկետային սայլակներում, ինչը կարևոր կլինի տարեցների համար: Մշակողները նաև կարծում են, որ տիրոջն ամեն քայլափոխի հետևող  ճամպրուկի ունիվերսալությունն ուղղակի անփոխարինելի իր կդառնա ճանապարհորդել սիրողների համար: