ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Երջանկության գենը

 

Ինչպես կվերաբերվի մարդը կյանքին` կարող է կախված լինել ընդամենը մեկ գենից, որը պատասխանատու է բավարարվածության զգացողության համար: Որոշ մարդիկ երջանկության կրիչներ են, իսկ մյուսները` տրտմության գենետիկ կլանիչներ: Այս մասին են հավաստում բրիտանացի գիտնականները: Նրանք նախապես արդեն բացահայտել են 5 HTTLPR կոչված գենը, որը, մասնագետների կարծիքով, կարևոր դեր ունի այն գործում, թե ինչպես է աշխատում ուղեղի սերատոնինի նյարդային փոխանցիչը: Սերատոնինը հորմոն է, որը քիմիական «հաղորդագրություններ» է փոխանցում նյարդային բջիջներին: Դրանից էլ կախված է մարդու տրամադրությունը: Որոշ հակադեպրեսանտ միջոցներ ընդունակ են կարգավորելու սերատոնինի մակարդակը օրգանիզմում:

Գիտնականները հայտնաբերել են գենի երեք տեսակ: Դրանցից երկուսը «կարճ» են և կապված են դեպրեսիայի առաջացման և ինքնասպանության փորձի վտանգի հետ, իսկ «երկար» տեսակը ներառում է նյարդաքիմիական հատուկ պրոցես, որը թույլ է տալիս դիմակայել սթրեսային իրավիճակներում:
Գիտափորձի ընթացքում ցույց էին տրվում երեք տարբեր նկարներ` սարսափազդու և վախ առաջացնող, էրոտիկ և հաճելի, չեզոք:

Փորձի ընթացքում պարզվել էր, որ 97 մասնակիցներից 16-ն ունեն «երկար» գեն, ձգտում են խուսափել բացասական ազդեցություն ունեցող նկարներից և երկար դիտում էին դրական ազդեցություն ունեցող նկարները: «Կարճ» գենով մասնակիցները նախընտրում էին դիտել բացասական ազդեցություն ունեցող նկարները: Գիտնականները եզրակացրել են, որ մարդու մեջ գենետիկորեն զարգացած է կյանքի դրական կողմերը տեսնելու ձգտումը, որն ընդհանուր կենսական սթրեսները հաղթահարելու հիմնական մեխանիզմն է: