ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Ինչով է զբաղված ուղեղը...

 

Տիեզերքի ամենաբարդ օբյեկտը մարդու ուղեղն է: Այն բաղկացած է 100 միլիարդ նոյրոնից: Ուղեղի կառուցվածքն ու գործունեությունը ուսումնասիրելու նպատակով միավորվել են բազմաթիվ գիտնականներ` գենետիկներ, նյարդաբաններ, մոլեկուլային կենսաբանության մասնագետներ, սաղմնաբաններ, ազգագրագետներ, մաթեմատիկոսներ, համակարգչային և այլ մասնագետներ:

Մարդու ո՞ր օրգանն է ամենից շատ էներգիա ծախսում:

Շատ-շատերը վստահ կպատասխանեն` սիրտը: Չէ՞ որ այն աշխատում է անընդհատ, գիշեր-ցերեկ: Ո՛չ, ամենաշատ էներգիա ծապսում է ուղեղը` օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի մոտ 20%-ը, չնայած այս օրգանը կազմում է մարդու զանգվածի ընդամենը 2%-ը:

Անհրաժեշտ էներգիայի 60-80%-ը ծախսվում է նեյրոնների կողմից ինֆորմացիայի փոխանակման, ինչպես նաև նեյրոնների և աստրոցիդների` աստղաձև բջիջների կողմից, որոնք ոչ վաղ անցյալում դիտվում էին որպես նեյրոններին սնունդ հասցնող օժանդակ տարրեր: Սրանք քանակով տասն անգամ ավելի շատ են, քան նեյրոնները: Նեյրոֆիզիոլոգները վերջերս կարողացել են պարզել, որ աստրոցիդները մասնակցում են ինֆորմացիայի վերամշակման և փոխանցման գործընթացին:

Ներկայումս ստեղծված գերկատարելագործված պոզիտրոնա-էմիսիոնային տոմոգրաֆները և միջուկային մագնիսական ռեզոնանսի էֆեկտով աշխատող տոմոգրաֆները հնարավորություն են տալիս մոնիտորի էկրանին անմիջականորեն հետևել ուղեղի աշխատանքին: Ըստ էության, տոմոգրաֆը ցույց է տալիս` ինչպես է բաշխվում և ուժեղանում արյան հոսքը ուղեղի տարբեր հատվածներում` տարբեր խնդիրների լուծման դեպքում:

Ուղեղի այս կամ այն հատվածի աշխատանքի ժամանակ պահանջվում է թթվածնի քանակի մեծացում, ինչի պատճառով մեծանում է արյան հոսքի քանակությունը: Սովորաբար այն նորմայից ավելանում է 5-10%-ով: Երբեմն, սակայն, պատահում է այնպես, որ արյան հոսքի այդպիսի ավելացման դեպքում ուղեղի էներգիայի ծախսը սահմանափակվում է ընդամենը 1%-ով:

Ուղեղին անհրաժեշտ էներգիայի մեծ մասը ծախսվում է անհայտ ուղղությամբ: Գուցե ուղեղը մշակում է ստացված ինֆորմացիաները, որը մարդը չի գիտակցում, կամ էներգիան ինչ-որ այլ ներքին պրոցեսների համար է ծախսվում, որ կապված չէ արտաքին միջավայրի հետ: Երկրորդ տարբերակն ավելի մոտ է իրականությանը: 1944 թ. ամերիկացի ֆիզիոլոգները ապացուցեցին, որ կապիկների տեսողական նեյրոնների միայն 10%-ն է մասնակցում տեսողական ազդակների ընկալմանը: Իսկ ինչով է զբաղված մնացած 90 %-ը` պարզ չէ: Ընդ որում` երեխաների դեպքում ուղեղի կեղևի ակտիվությունը պահպանվում է նույնիսկ ընդհանուր անզգայացման ժամանակ:

Ըստ մեկ այլ վարկածի` ուղեղը, ելնելով իր փորձից, անընդհատ զբաղված է ապագան կանխագուշակելով, ինչի համար այն վերամշակում է մեծածավալ ինֆորմացիա: Հետազոտողներին հետաքրքրում է հատկապես այն փաստը, որ չնայած ուղեղի հանելուկային ակտիվությունը անհամաչափ է, սակայն մարդու կամ կենդանու վարքագիծը ոչնչով չի փոփոխվում:

Այս ամենից հետո կարելի է վստահորեն ասել, որ մարդը դեռևս ոչինչ չգիտի այն մասին, թե ինչով է զբաղված ուղեղը, երբ այն ոչնչով զբաղված չէ: