ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Սրճային պաշտպանություն     

  

Աթենքի համալսարանի գիտնականների մի խումբ պարզել է, որ օրական մի բաժակ սուրճը երկարացնում է մարդու կյանքը, ընդ որում այս փաստը վերաբերում է նաև արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց: Մարդու կյանքը երկարացնող պարամետրերը ուսումնասիրող հետազոտության ընթացքը ցույց  է տվել, որ սուրճը բարձրացնում է զարկերակների էլաստիկությունը, որն էլ մարդուն պաշտպանում է սիրտանոթային հիվանդություններից: Փորձարկումները կատարվել են երկար ժամանակ հունական Իկար կղզում  ապրող,  բարձր ճնշում ունեցող 65-100 տարեկան  485 մարդկանց հետ: Տեղին է նշել, որ կղզու բնակչության 1/3 ապրում է մոտավորապես 90 տարի, երկու անգամ քիչ են հիվանդանում սիրտանոթային հիվանդություններով, 20%-ով նվազել են քաղցկեղի դեպքերը, իսկ թուլամտությամբ տառապողներ ընդհանրապես չեն նկատվում:

Դեռևս 6-րդ դարից կղզու տաք ջրերում  բուժվելու և կազդուրվելու էին գալիս  անոթային և մաշկային խնդիրներ ունեցող բազմաթիվ  հիվանդներ: Ժամանակակից փորձագետները գտնում են, որ երկարակեցության գաղտնիքը կապված է միջերկրյա սննդակարգի, տեղի մեղրի ու բույսերի օգտագործման հետ:

Սակայն նորագույն հետազոտությունները ցույց են տալիս, որ առողջության վրա բարենպաստ ազդեցություն է թողնում նաև սուրճը:

Արյան բարձր ճնշումը բարձրացնում է սրտի ծանրաբեռնվածությունը, թուլացնում զարկերակների էլաստիկությունը, մեծացնում սիրտանոթային նոպաների և կաթվածների հնարավորությունը: Ուսունասիրելով երակների էլաստիկությունը պարզվել է, որ հետազոտությանը մասնակցող 56% մարդկանց մոտ, որոնք օրական մեկ-երկու բաժակ սուրճ են  խմում, արյունատար անոթների էլաստիկությունը նման է երիտասարդների արյունատար անոթների էլաստիկությանը: Շատ քիչ կամ  ընդհանրապես սուրճ չխմողներն ունեն որոշակի խնդիրներ, իսկ օրական երեք-չորս բաժակից ավելի խմողների երակների վիճակը այնքան էլ բարվոք չէ: Գիտնականները ենթադրում են, որ երակների վրա դրական ազդեցություն են թողնում կոֆեինը և հակաօքսիդանտները, որոնց չարաշահումը վերացնում է այդ ներգործությունը: Այս հետազոտության արդյունքները հաստատում են ավելի վաղ Քեմբրիջի համալսարանում կատարված այն հետազոտությունները, որոնք վկայում էին, որ սուրճի սիրահարների մոտ 1/3 չափով նվազել է կաթվածի հնարավորությունը: Ընդ որում բոլորովին կարևոր չէ, թե ինչ սուրճ է մարդն օգտագործում`լուծվող, չլուծվող, թե կոֆեին չպարունակող: Անցկացված  հետազոտությունները ցույց տվեցին, որ սուրճը բարելավում է օրգանիզմի զգայնությունը ինսուլինի հանդեպ, որն էլ պաշտպանում է 2-րդ տիպի շաքարախտից, կանխում է օրգանիզմում թրոմբների առաջացումը: Բացի դրանից, սուրճի պարբերաբար օգտագործումը 43% նվազեցնում է թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը, բարելավում է երկարատև հիշողությունը, թեթևացնում  աստմատիկ ծագում չունեցող չոր հազը, խթանում է ստամոքսահյութի առաջացմանը, օգնում երիկամներին օրգանիզմից ազոտի խարամների հեռացմանը, որ էլ 10%   նվազեցնում  է միզաքարային հիվանդությունների առաջացման հավանականությունը: