ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Samsung-ը ներկայացրել է օգտատիրոջ առողջությանը հետևող Simband թևնոցը

 

Հարավկորեական Samsung ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում կայացած միջոցառման շրջանակներում ներկայացրել է մի շարք նոր սարքեր ու տեխնոլոգիաներ, որոնք վերաբերում են առողջությանն ու ֆիթնեսին։ Ընկերության ներկայացրած նորույթների շարքում առավել հետաքրքրական է Simband սարքը, որը թևնոցի ու ժամացույցի համադրություն է։ Այն տեղեկություններ է հավաքում օգտատիրոջ ֆիզիկական վիճակի մասին և ուղարկում այն SAMI կոչվող պլատֆորմին, որը ևս ընկերության ներկայացրած նորույթներից է։ Թևնոցի՝ մաշկին հպվող հատվածում կան սենսորներ, որոնք հետևում են մարմնի ջերմաստիճանին, օրգանիզմում շաքարի քանակին, արյան մեջ թթվածնի մակարդակին, սրտի աշխատանքին։Samsung-ի ներկայացուցիչները նշել են, որ նոր տեխնոլոգիան դեռևս գտնվում է զարգացման փուլում, մասնավորապես՝ պետք է բարելավվի որոշ սենսորների աշխատանքը։Ենթադրվում է, որ նոր թևնոցն իր ներկայիս տեսքով շուկա չի հանվի, այլ հիմք կծառայի առավել կատարելագործված գործառույթներով համալրված սարքերի ստեղծման համար։